ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Պարտության խորհրդանիշներից ազատվելու անհրաժեշտությունը

Պարտության խորհրդանիշներից ազատվելու անհրաժեշտությունը
27.09.2024 | 10:32

Օրացույցի այս օրը, որը մեզ հիշեցնում է արցախյան երկրորդ պատերազմի (որում մենք տարբեր պատճառներով պարտվեցինք) առաջին օրը, չպետք է ընկալվի որպես ամոթի օր։ Ընդհակառակը, այն պետք է դառնա ինչպես զոհերի հիշատակի, այնպես էլ անցյալի իրադարձությունների հիշողության ու խորը վերլուծության օր։ Կարևոր է ոչ միայն հիշել կատարվածը, այլև արժեքավոր դասեր քաղել, դրանք կիսել հանրության հետ և փոխանցել սերունդներին՝ ապագայում նմանատիպ ողբերգություններից խուսափելու համար:

Տեղի ունեցածի հիշողությունը պետք է դառնա մտորումների հիմք և լուրջ վերլուծության առիթ։ Յուրաքանչյուր տարի այս օրը մենք պետք է քննության ենթարկենք մեզ. արդյո՞ք մենք խորը ուսումնասիրել և վերլուծել ենք այն սխալներն ու բացթողումները, որոնք հանգեցրել են պարտության, արդյո՞ք բացահայտել ենք մեր թուլություններն ու թերությունները:

Հիմնական դասը, որը մենք պետք է քաղեինք, պարտության խորհրդանիշներից ազատվելու անհրաժեշտության գիտակցումն էր, ինչը ներառում է ոչ միայն հնացած իդեալների և խորհրդանիշների վերանայում, այլև վճռական խզում այն ուժից, որը մեզ տանում է դեպի ձախողում: Դասեր քաղելը և դրանք գործնականում կիրառելը պահանջում է քաջություն և փոխելու պատրաստակամություն: Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և ընդունենք, որ անցյալի ռազմավարություններն ու մոտեցումները, ինչպես նաև դրանք կյանքի կոչողները բավականաչափ արդյունավետ չեն եղել, իսկ վերջին շրջանում, առհասարակ, եղել են ապիկար ու ապապետական:

Այսօր կրկին մենք մեզ հարց ենք տալիս. ե՞րբ է գալու բարեփոխումների ժամանակը, որոնք հաշվի կառնեն նախկին սխալները և թույլ կտան կյանքի կոչել նոր, ավելի առաջադեմ գաղափարներ։ Արդյո՞ք մենք ի զորու ենք շրջել պատմության անիվը և վերջապես բերել այդ ժամանակները:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 87

Մեկնաբանություններ